ORANGE ԲԼՈԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի (Օրանժ) Orange Բլոգում: Սույն հատուկ դրույթները և պայմանները (Հատուկ Պայմաններ) կարգավորում են Orange Բլոգի աշխատանքի, այնտեղ գրանցվելու և օգտագործման կարգը, կանոնները և պայմանները:

Orange Բլոգը Mobile/WEB կայք է, որը թույլ է տալիս այցելուներին (Օգտագործող, Դուք և դրանց հոլովաձևերը) ստեղծել սեփական տարածքը (Անձնական Բլոգ), գրառել իրենց հետաքրքրությունները, կարծիքները, դիտարկումները և քննարկել դրանք Orange Բլոգում գրանցված այլ օգտագործողների հետ` մեկնաբանությունների և մասնավոր հաղորդակցման համակարգի միջոցով, տեղադրել լուսանկարներ, անիմացիաներ, նկարներ, տեքստային թղթակցություն, հղումներ և այլ բովանդակություն, ստեղծել ընկերների ցանկ, հարմարեցնել Անձնական Բլոգն ըստ առաջարկվող թեմաների, անհատականացնել իրենց էջը և կատարել Օրանժի կողմից սահմանված կամ թույլատրվող այլ գործողություններ` Mobile/WEB կայքի և Օրանժի կողմից առաջարկվող այլ միջոցներով:

Orange Բլոգը բաց է 16 տարին լրացած բոլոր անձանց համար, անկախ նրանից անձը հանդիսանում է Օրանժի բաժանորդ, թե ոչ:

Օրանժի բաժանորդները հնարավորություն կունենան նաև SMS-ի և MMS-ի միջոցով կառավարել իրենց բլոգի բովանդակությունը, MMS-ի միջոցով վերբեռնել և փոխանակել բովանդակություն, բջջային հեռախոսից Անձնական Բլոգ ներբեռնել բովանդակություն, SMS-ի միջոցով ուղարկել և ստանալ մեկնաբանություններ, ինչպես նաև ստանալ ծանուցումներ և կատարել Օրանժի կողմից սահմանված կամ թույլատրվող այլ գործողություններ:

Մուտք գործելով Orange Բլոգ, այն ուսումնասիրելով և/կամ գրանցվելով այնտեղ Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն Հատուկ Պայմաններին, համաձայնում եք դրանց հետ ու ընդունում եք դրանք, անվերապահորեն համաձայն եք Orange Բլոգի գործող կանոնների հետ, ինչպես նաև հավաստում եք, որ Ձեր 16 տարին լրացած է և Դուք նախկինում չեք դատապարտվել համակարգչային հանցագործության կատարման համար:

Ընդունելով սույն Հատուկ Պայմանները, ենթադրվում է, որ Դուք համաձայն եք Orange Բլոգի մոդերատորից ստանալ ընդհանուր բնույթի հայտարարություններ:

Ընդունելով սույն Հատուկ Պայմանները Դուք երաշխավորում եք, որ ունեք բոլոր իրավունքները, իրավունակությունը և իրավասությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են Orange Բլոգում գրանցվելու և այն օգտագործելու համար:

Orange Բլոգի շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վեճեր ծագելու դեպքում իրավասու դատարաններ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության դատարանները:

Սույն Հատուկ Պայմանները կազմված են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հակասությունների և տարընթերցումների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

Գրանցումը

Դուք կարող եք Orange Բլոգում գրանցվել WEB և Mobile կայքերի, իսկ Օրանժի բաժանորդները` նաև SMS-ի միջոցով: Orange Բլոգում գրանցվելը նշանակում է Անձնական Բլոգի ստեղծում:

Գրանցվելիս Ձեզնից կպահանջվի լրացնել որոշ պարտադիր և ոչ պարտադիր տեղեկություններ: Պարտադիր տեղեկություններից են անուն, ազգանուն, ծածկանուն/login, գաղտնաբառ, էլեկտրոնային հասցե և Օրանժի կողմից սահմանված այլ տեղեկություններ: Ոչ պարտադիր տեղեկություններից են Ձեր Անձնական Բլոգի նկարագրությունը, երկիրը, քաղաքը/բնակավայրը, ծննդյան տարին, ամսաթիվը, սեռը, կեղծանունը/nickname, նախընտրելի լեզուն և Օրանժի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

Գրանցման համար պարտադիր տեղեկատվությունը լրացնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի համապատասխան ակտիվացման հղում, որի միջոցով Դուք կարող եք ակտիվացնել Ձեր Անձնական Բլոգը:

Գրանցումից հետո ամեն անգամ Orange Բլոգ մուտք գործելիս Ձեր նույնականացման նպատակով կպահանջվի Ձեր ծածկանունը ու գաղտնաբառը, MMS–ով և SMS-ով մուտք գործելու դեպքում` Ձեր MSISDN-ը:

Եթե Դուք Օրանժի բաժանորդ եք և գրանցվելիս լրացնում եք Ձեր Orange բջջային հեռախոսահամարը, ապա կարող եք ստանալ SMS ծանուցումներ, SMS-ի կամ MMS-ի միջոցով կատարել վերբեռնումներ, ուղարկել հաղորդագրություններ, մեկնաբանություններ և պատասխանել դրանց, ինչպես նաև կստանաք 2 ԳԲ հավելյալ տարածք: Orange հեռախոսահամար չլրացնելու դեպքում Ձեզ տրամադրվում է 100ՄԲ տարածք: Նույն Orange հեռախոսահամարով կարելի է գրանցվել միայն մեկ անգամ: Նույն Orange հեռախոսահամարով 2-րդ անգամ Orange Բլոգում գրանցվելու փորձ կատարելու դեպքում, Orange Բլոգի մոդերատորն իրավասու է մերժել նման գրանցումը:

Հետագայում Ձեր Orange հեռախոսահամարը փոխելու դեպքում, Դուք կարող եք ըստ սահմանված ընթացակարգի մուտքագրել Ձեր նոր Orange հեռախոսահամարը: Եթե Դուք ցանկանում եք ջնջել Ձեր կողմից մուտքագրված Orange հեռախոսահամարը` առանց նոր Orange հեռախոսահամար մուտաքագրելու, ապա անհրաժեշտ է հեռացնել Ձեր Անձնական Բլոգը և գրանցել նոր Անձնական Բլոգ:

Orange Բլոգում գրանցվելիս Ձեզ հատկապես կոչ ենք անում պահպանել հետևյալ կանոնները. լրացնել հավաստի և ճշգրիտ տեղեկություններ և դրանցում փոփոխություններ լինելու դեպքում ժամանակին թարմացնել դրանք, այլ անձի անունից չգրանցել Անձնական Բլոգ` առանց տվյալ անձի պատշաճ թույլտվության, չստեղծել մեկից ավելի Անձնական Բլոգ Ձեր անունից, սակայն տարբեր անվանումներով, Ձեր Անձնական Բլոգը մոդերատորի կողմից հանելու դեպքում չստեղծել նորը առանց մոդերատորի թույլտվության, Ձեր իսկ անվտանգության նկատառումներով Ձեր գաղտնաբառը չփոխանցել այլ անձի, ինչպես նաև որևէ կերպ թույլ չտալ կողմնակի անձին հասանելիություն ունենալ Ձեր Անձնական Բլոգին: Orange Բլոգում գրանցվելիս և Ձեզ համար կեղծանուն (nickname) կամ Ձեր կեղծանվան պատկերն (avatar) ընտրելիս նկատի ունեցեք, որ դրանք պետք է ամբողջությամբ համապատասխանեն սույն Հատուկ Պայմաններում սահմանված էթիկական չափանիշներին և կանոններին: Սույն կանոնները չպահպանելու դեպքում, Orange Բլոգի մոդերատորն իրավունք ունի իր բացառիկ հայեցողությամբ մերժել Ձեր գրանցումը կամ հեռացնել Ձեր արդեն իսկ գրանցված Անձնական Բլոգը:

Դուք ցանկացած պահի կարող եք ինքներդ ջնջել Ձեր Անձնական Բլոգը, սակայն Ձեր պատասխանատվությունը Orange Բլոգում Ձեր կատարած գործողությունների և դրանց հետևանքների մասով չի դադարում:

Անձնական Բլոգի կառուցվածքը և անհատականացումը

Դուք կարող եք անհատականացնել Ձեր Անձնական Բլոգն ըստ առաջարկվող պարամետրերի` նկարագիր, ընդհանուր ֆոն և գույն, մեկնաբանությունները երրորդ անձանց կողմից ազատ կարդալու կամ սահմանափակելու ընտրություն, յուրաքանչյուր նոր մեկնաբանության վերաբերյալ SMS ծանուցում ստանալու հնարավորություն, մեկ էջի վրա հրապարակվող հոդվածների թվի ընտրություն, ֆոտո և տեսա ալբոմներ և դրանց գաղտնիություն, տարբեր բովանդակության նյութերի տեղաբաշխում բլոգի տարբեր հատվածներում և այլն:

Եթե Դուք չեք անհատականացնում Ձեր Անձնական Բլոգը, ապա Orange Բլոգի ավտոմատացված համակարգի կողմից իրականացվում է ավտոմատ անհատականացում: Անձնական Բլոգն ունի հետևյալ կառուցվածքը`

  • Գլխագիր
  • կատեգորիաներ (որոնք հղում են անում հոդվածներին)
  • հոդվածներ (որին հղում են արվում մեկնաբանությունները)
  • օրացույց, որը հնարավորություն է տալիս թերթել հոդվածներն ըստ ամսաթվերի
  • որոնողական համակարգ, որը հղում է անում Orange Բլոգի հոդվածներին
  • անձանց ցանկը, ովքեր հետևում են Ձեր Orange Բլոգին և Orange Բլոգերի ցանկ, որոնց Դուք եք հետևում
  • Ֆոտո ալբոմ
  • Տեսաալբոմ
  • Օրանժի կողմից սահմանված այլ բաժիններ:

Էթիկայի կանոններ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Orange Բլոգը բաց է 16 տարին լրացած այն բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են ինտերակտիվ շփվել, ներկայացնել ու այլ անձանց հետ կիսել իրենց հետաքրքրությունները, քննարկել և/կամ տեղադրել ու միմյանց հետ փոխանակել տարատեսակ տեղեկատվություն:

Այստեղ արգելված է ցանկացած այնպիսի թեմաների քննարկումը և/կամ հաղորդագրությունների և/կամ հայտարարությունների և/կամ գրաֆիկական, տեսա և ֆոտո պատկերների կամ այլ բովանդակության ստեղծումը կամ հրապարակումը և ցանկացած այլ նյութերի տեղադրումը կամ տարածումը կամ ցանկացած այլ գործողության կատարումը, որոնք`

  • որևէ ձևով հակասում են ՀՀ օրենսդրության պահանջներին,
  • դրդում են մարդկանց բռնությունների, ագրեսիայի կամ վարկաբեկում և խախտում են ընդունված բարոյականության նորմերը, մարդկանց կյանքին, առողջությանը և անվտանգությանը սպառնացող գործողությունների կատարման կոչ են անում,
  • մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով պարունակում են տեքստեր, գովազդային նյութեր, լուսաբանություններ և պատկերազարդումներ, տեսանյութեր, լուսանկարներ, երաժշտական կամ ձայնային ազդեցություն կամ այլ նման միջոցներ,
  • խախտում են հասարակական կարգը, համընդհանուր և ազգային բարոյականության նորմերը,
  • պարունակում են վիրավորական արտահայտություններ այլ անձանց և Օգտագործողների նկատմամբ, ռասայական, ազգային, մասնագիտական, սոցիալական, տարիքային, սեռական պատկանելիության, էթնիկական, կրոնական, հոգևոր կամ լեզվական հողի վրա կատարվող անընդունելի համեմատություններ և պատկերներ,
  • ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկաբեկում են պետական խորհրդանիշները (զինանշանը, դրոշը, օրհներգը, ազգային դրամը և այլն) կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում դրանց նկատմամբ,
  • վարկաբեկում են իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում` քաղաքական կամ մշակույթի գործիչներին, ինչպես նաև արդյունաբերական, առևտրային և այլ գործունեությունը, խտրականորեն տարբերակում մասնագիտությունները և այլն,
  • դիմում են հեղաշրջման կամ հակասահմանադրական քայլերի ուղղված սադրանքների,
  • օգտագործվում են պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիքների տարածման համար,
  • կոչ են անում պատերազմի, հանցագործությունների կամ օրենքով արգելված այլ գործողությունների կատարման,
  • օգտագործվում են պոռնոգրաֆիայի, էրոտիկայի, սարսափի տեսարանների, անչափահասների կրթությանը և զարգացմանը վտանգող այլ նյութերի տարածման համար, ներառյալ նշված թեմաներով կայքերին հղումներ տեղադրելով,
  • քարոզում են ծխամոլություն, ալկոհոլիզմ, հոգեմետ նյութեր և թմրամոլություն, տրաֆիքինգ և մարդկանց առևանգում,
  • քարոզում են բազմաստիճան և/կամ ցանցային մարկետինգ, պարունակում են որևէ ապրանքի կամ ծառայության գովազդ, հակագովազդ, ցանկացած տեսակի հաղորդագրություն, այդ թվում ցանկացած նյութ, որը կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզարշավ կամ քաղաքական գովազդ,
  • իրականացնում են անթույլատրելի բովանդակության զանգվածային առաքումներ Orange Բլոգի այլ Օգտագործողներին(SPAM),
  • քարոզում են ազգային թշնամանք, ռասիզմ, անհանդուրժողականություն, հակասեմիտիզմ, ազգայնամոլություն, ֆաշիզմ և այլ անջատողական և ահաբեկչական գործողություններ,
  • խախտում են երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները, պարունակում են ցանկացած տեսակի ոչ նորմատիվ բառապաշար, Orange Բլոգի Օգտագործողներին, ադմինիստրատորներին, մոդերատորներին և իրավատերերին վիրավորող, զրպարտող կամ այլ կերպ դրանց վերաբերող (նույնիսկ քողարկված կամ փոխաբերական իմաստով օգտագործվող) ցանկացած բացասական նշանակություն ունեցող բառեր և արտահայտություններ,
  • տարածում են Orange Բլոգի Օգտագործողների և երրորդ անձանց վերաբերող անձնական բնույթի տեղեկատվություն (ներառյալ, սակայն չսահմանափակվելով` անվամբ, ազգանվամբ, հասցեով, հեռախոսահամարով և այլն),
  • ցանցային ավտոմատացված միջոցների օգնությամբ հավաքագրում են այլ Օգտագործողների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` նրանց տեղադրած բովանդակությունը,
  • փոփոխում կամ այլ կերպ պարունակում են Orange Բլոգի արտաքին տեսքը, վիզուալ ձևավորումը խեղաթյուրող նշաններ կամ մակագրություններ,
  • աղավաղում կամ ծաղրում են այլ ընկերությունների բրենդերը, ապրանքային նշանները, արտադրանքը, մատուցվող ծառայությունները,
  • պարունակում են ցանկացած տեսակի վնասակար ծրագրային ապահովում, կոդ կամ կոդի մաս, ստեղծում են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ցանցում, որը կարող է վնասել կամ խանգարել Orange Բլոգի բնականոն աշխատանքը, վնաս պատճառել Օգտագործողներին և այլն:

Արգելվում է այնպիսի թեմաների ստեղծում և/կամ հայտարարությունների և/կամ հաղորդագրությունների և/կամ նյութերի և/կամ բովանդակության հրապարակում կամ տեղադրում կամ տարածում կամ այնպիսի գործողությունների կատարում, որոնք իրենց բովանդակությամբ կամ իմաստով հակասում են Orange Բլոգի ստեղծման նպատակին կամ վերաբերվում են այնպիսի թեմաներին և հարցերին, որոնք Orange Բլոգի շրջանակներից և նպատակներից դուրս են:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք գրանցվում եք Orange Բլոգում և մասնակցում եք Orange Բլոգին բացառապես Ձեր սեփական ռիսկով և Օրանժը պատասխանատվություն չի կրում Ձեր կամ երրորդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով Ձեզ կամ երրորդ անձանց պատճառված վնասի և Ձեզ` իրավասու մարմինների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործողությունների կամ անգործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար:

Մոդերացիա

Orange Բլոգի մոդերացիան իրականացվում է Օրանժի կողմից a posteriori սկզբունքով:

Մոդերատորն ունի բացառիկ իրավասություն որոշելու Ձեր կամ երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունների կամ անգործությունների համապատասխանությունը սույն Հատուկ Պայմաններին և իրավունք ունի իր բացառիկ հայեցողությամբ և առանց Ձեզ դրա մասին նախօրոք զգուշացնելու բլոկավորել կամ հեռացնել Ձեր կողմից հրապարակվող հոդվածները, տեղադրվող հաղորդագրությունները, մեկնաբանությունները, ստեղծված թեմաները, իրականացվող քննարկումները, լուսանկարները, անիմացիաները, տեսանյութերը և այլ նյութերը կամ Ձեր Անձնական Բլոգը: Դուք իրավասու եք պահանջել մոդերատորից բացատրել հեռացնելու պատճառը` Orange Բլոգում տեղադրված հղումի օգնությամբ: Հղումը Ձեզ հնարավորություն է տալիս նաև որևէ անթույլատրելի բովանդակություն կամ գործողություն հայտնաբերելու դեպքում ահազանգել մոդերատորին:

Ամեն դեպքում, Դուք ընդունում եք, որ բլոկավորած կամ Ձեր կամ մոդերատորի կողմից հեռացված տեղեկատվության պահեստային կրկնօրինակները պահպանվում են Orange Բլոգի համակարգում, որոնք տեսանելի և հասանելի չեն Ձեր և այլ oգտագործողների համար:

Անվտանգություն

Օրանժն առանձնահատուկ կարևորում է Ձեր տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը:

Դուք սույնով համաձայնում և հաստատում եք, որ Orange Բլոգում գրանցվելիս Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունները, ինչպես նաև Ձեր կողմից տեղադրված տեղեկատվությունը, ներառյալ առանց սահմանափակման Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, տարիքը և այլն կարող են օգտագործվել Օրանժի կողմից օրենքով չարգելված եղանակներով և նպատակներով, ինչպես նաև Orange Բլոգի և սույն Հատուկ Պայմանների նպատակներով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Orange Բլոգը գրանցում է այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են Ձեր Անձնական Բլոգում (օր.` Ձեր նախընտրած Օգտագործողների (Follower) ընտրություն, հաղորդագրությունների, մեկնաբանությունների և ամեն տեսակի թղթակցությունների ուղարկում և ստացում, տեսա և ֆոտո ալբոմների տեղադրում, Ձեր յուրաքանչյուր մուտքը` Ձեր այցի օրվա, ամսվա, տարեթվի և ժամի ճշգրտությամբ և այլն):

Ձեր Անձնական Բլոգը ստեղծելիս Դուք հնարավորություն ունեք ընտրել Ձեր բլոգի գաղտնիության քաղաքականությունը: Դա նշանակում է, որ Դուք եք տնօրինում Orange Բլոգում Ձեր կողմից տեղադրված ամբողջ տեղեկատվությունը և կարող եք սահմանափակումներ մտցնել Ձեր Անձնական Բլոգում առկա և տեղադրվող տեղեկությունների ու նյութերի և Ձեր կողմից կատարվող գործողությունների Orange Բլոգի այլ օգտագործողների և այցելուների համար տեսանելի և հասանելի լինելու հետ կապված:

Եթե Դուք տեղադրում եք այնպիսի տեղեկատվություն, որը համարվում է մտավոր սեփականության օբյեկտ, ապա Դուք Օրանժին թույլ եք տալիս օգտագործել նման տեղեկատվությունը Orange Բլոգի և սույն Հատուկ Պայմանների շրջանակում և նպատակներից ելնելով: Այդ թույլտվությունը դադարում է Ձեր կողմից մտավոր սեփականություն համարվող տեղեկատվությունը կամ Ձեր Անձնական Բլոգը ջնջելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք այդ տեղեկատվությունը տրամադրել եք այլ Օգտագործողների և նրանք պահպանել են այն իրենց Անձնական Բլոգում:

Դուք կարող եք Orange Բլոգում հետևել որոշակի թվով Օգտագործողների (Follower): Այլ Օգտագործողներ ևս կարող են հետևել Ձեզ, ծանոթանալ Ձեր Անձնական Բլոգի բովանդակությանը, սակայն Դուք կարող եք արգելափակել այդ հնարավորությունը:

Եթե Դուք համապատասխան հրահանգների միջոցով չեք ընտրում Ձեր Անձնական Բլոգի գաղտնիության քաղաքականությունը, ապա նկատի ունեցեք, որ Ձեր Անձնական Բլոգի ամբողջ տեղեկատվությունը (բացառությամբ գրանցման ժամանակ լրացվող անձնական բնույթի որոշ պարտադիր տեղեկությունների) տեսանելի և հասանելի է բոլորի, այդ թվում` Orange Բլոգում չգրանցված այցելուների համար:

Հիշեցնենք նաև, որ այլ Օգտագործողի Անձնական Բլոգում տեղադրված որևէ բովանդակության վերաբերյալ Ձեր ուղարկած մեկնաբանությունը կամ այլ հաղորդագրությունը համարվում է տվյալ Օգտագործողի Անձնական Բլոգի տեղեկատվություն և այդ Օգտագործողն է իրավասու որոշել դրա գաղտնիության քաղաքականությունը:

Orange Բլոգի գլխավոր էջում (homepage) ներկայացվող տեղեկատվությունը (վերջին ստեղծված մի քանի Անձնական Բլոգեր, լավագույն Անձնական Բլոգերն ըստ կատեգորիաների, ծածկանունը և գաղտնաբառը լրացնելու պատուհանները, վերջին հրապարակված տեսանյութերն առկա մեկնաբանություններով և այլն) դուրս է Ձեր կողմից կիրառվող գաղտնիության քաղաքականության կարգավորման դաշտից, այն հրապարակային է և հասանելի է Orange Բլոգի օգտագործողներին և չգրանցված այցելուներին և Դուք չեք կարող կիրառել որևէ սահմանափակումներ: Սույնով Դուք համաձայնում եք սույն կետում նշված տեղեկատվության տեղադրմանը և տարածմանը Orange Բլոգի գլխավոր էջում (homepage):

Թեև Ձեզ հնարավորություն է տրվում կառավարել Ձեր Անձնական Բլոգի անվտանգությունը և գաղտնիությունը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում հիշեցնել, որ անվտանգության և գաղտնիության ապահովման ոչ մի միջոց կատարյալ չէ և չի կարող լիարժեք պաշտպանել Ձեր Անձնական Բլոգն անօրինական կամ անցանկալի ներթափանցումներից:

Օրանժը երաշխավորում է գործադրել իր լավագույն ջանքերը առավելագույնս ապահովելու համար Orange Բլոգի անվտանգությունն ու ապահովությունը, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում և համապատասխան իրավասու մարմիններին Օրանժի կողմից այդպիսի տվյալների հրապարակման անհրաժեշտության:

Օրանժը պատասխանատու չէ նաև այն տեղեկատվության գաղտնիության և անվտանգության համար, որը Դուք տեղադրում եք Ձեր Անձնական Բլոգում, փոխանակում եք այլ Օգտագործողների և երրորդ անձանց հետ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ երրորդ անձանց կողմից (ներառյալ անչափահասների կողմից) Ձեր Անձնական Բլոգի միջոցով որևէ բովանդակության փոխանակումը կամ որևէ այլ գործողությունը համարվում է կատարված Ձեր կողմից: Բացառապես Դուք եք պատասխանատվություն կրում երրորդ անձանց կողմից Orange Բլոգում Ձեզ վերաբերող անձնական տեղեկատվության հրապարակման կամ տեղադրման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունեցել անօրինական ներթափանցում Ձեր Անձնական Բլոգ կամ այլ անօրինական գործողություն:

Orange Բլոգում Ձեր տեղադրած բովանդակության և Ձեր կատարած գործողությունների կապակցությամբ երրորդ անձանց կողմից որևէ պահանջ, բողոք կամ վեճ ծագելու դեպքում պատասխանատվությունը կրում եք Դուք և պարտավորվում եք սեփական միջոցներով և անձամբ կարգավորել ծագած վեճը:

Օրանժը պատասխանատու չէ երրորդ անձանց գործողությունների և նրանց տեղադրած բովանդակության համար և Դուք պարտավորվում եք զերծ պահել Օրանժին երրորդ անձանց հետ ծագած վեճերից:

Օրանժը պատասխանատվություն չի կրում Orange Բլոգում Ձեր գործողությունների կամ տեղադրած բովանդակության հետևանքով այլ անձանց կրած վնասների կամ բաց թողնված օգուտի համար:

Orange Բլոգում տեղակայված այլ կայքերի հղումներից օգտվելիս խնդրում ենք նկատի ունենալ, որ Օրանժը չի երաշխավորում այդ կայքերի անվտանգությունն ու ապահովությունը: Այդ կայքեր Ձեր այցելություններն իրականացվում են Ձեր ռիսկով:

Orange Բլոգի և Օգտագործողների միջև տեղեկատվության հոսքը պաշտպանված է եզակի ստուգիչ գաղտնաբառով:

Գներ և վճարումներ

Orange Բլոգից օգտվելիս որոշ ծառայությունների համար (օր.` SMS-ի կամ MMS-ի միջոցով հաղորդագրությունների ուղարկում, և այլն) սահմանվում են վճարներ, որոնց մասին տեղեկատվությունը հրապարակվում է Orange Բլոգի կայքում: Հրապարակվող վճարները ներառում են նաև հարկերը:

Օրանժն իրավասու է ժամանակ առ ժամանակ փոփոխել այդ վճարների չափերը, որի մասին տեղեկատվությունը ևս հրապարակվում է Orange Բլոգի կայքում:

Օրանժն իրավասու է նաև իրականացնել պրոմոներ և տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում կկիրառվեն հատուկ խթանիչ գներ:

Orange Բլոգում Ձեր գրանցումը և վճարովի ծառայություններից օգտվելը դիտարկվում է որպես այդ ծառայությունների համար սահմանված գներին համաձայնություն:

Այլ դրույթներ

Orange-ը հանդիսանում է պատշաճ ձևով գրանցված և OBSL-ի սեփականությունը հանդիսացող ապրանքային նշան:

Orange Բլոգի բացառիկ իրավատեր է հանդիսանում Օրանժը: Դուք կարող եք օգտվել Orange Բլոգից բացառապես անձնական նպատակներով: Դուք իրավասու չեք որևէ կերպ օգտագործել, վերարտադրել, փոխանցել, տարածել կամ որևէ այլ կերպ պահպանել Orange Բլոգում Օրանժի կողմից տեղակայված տեքստը, աուդիովիզուալ պատկերները, գծապատկերներ, նշանները, վեբ-գրաֆիկան, Օրանժի կողմից տեղադրված ցանկացած այլ տեղեկությունները կամ դրանց մասը և/կամ Orange բրենդը և/կամ դրա մասը, առանց Օրանժի գրավոր համաձայնության: Orange Բլոգի, ներառյալ Օրանժի պաշտոնական վեբ-կայքի բովանդակության ցանկացած չթույլատրված օգտագործումը կարող է դիտարկվել օրենսդրության խախտում և Դուք կկրեք պատասխանատվություն համաձայն կիրառվող օրենսդրության:

Օրանժն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Հատուկ Պայմանների դրույթներն ու պայմանները` առանց Ձեզ նախօրոք տեղեկացնելու, որոնք ուժի մեջ են մտնում դրանք Orange Բլոգում հրապարակելու պահին կամ ինչպես կսահմանվի Օրանժի կողմից: Շարունակելով օգտվել Orange Բլոգից Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը այդ փոփոխություններն ընդունելու վերաբերյալ:

Ձեր կողմից ինտերնետի, ներառյալ վերջինիս բովանդակության օգտագործումը, իրականացվում է բացառապես Ձեր սեփական ռիսկով և պետք է համապատասխանի տեղական և միջազգային բոլոր կիրառելի օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և նորմերին:

Oրանժը կձեռնարկի ողջամիտ միջոցներ Orange Բլոգի անխափան աշխատանքը ապահովելու համար, սակայն, այնուամենայնիվ, Օրանժը պատասխանատվություն չի կրում Orange Բլոգի առկա թերությունների կամ անսարքությունների և դրանց հետևանքների համար:

Եթե Դուք թույլ եք տվել սույն Հատուկ Պայմաններում սահմանված որևէ դրույթի խախտում կամ համաձայն չեք սույն Հատուկ Պայմանների հետ, Օրանժն իրավասու է իր բացառիկ հայեցողությամբ մերժել Ձեր կողմից հետագայում իրականացվող Orange Բլոգում գրանցման հայտը կամ Ձեր կողմից Orange Բլոգի հետագա օգտագործումը և/կամ իր հայեցողությամբ հեռացնել Ձեր արդեն իսկ գրանցված Անձնական Բլոգը: