Alen Ghukasyan

by ghuko

25 տարեկան | արական | Երևան

Տուղտ դեղատու - Алтей лекарственный - Althaea officinalis L.

16:34, 14.02.2012 | FITOTERAPIA | ID: 4290 | 1550 դիտում |

 

Տուղտ դեղատու - Алтей лекарственный - Althaea officinalis L.

 

Հայկական տարանունները - աղթեկ, հարֆ, հարֆալ, շահմահլամ

Դեղաբույսի նկարագրությունը: Փիփերթազգիների կամ տուղտազգիների ընտանիքին պատկանող, 60-150 սմ բարձրության, ճյուղավոր ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի ճյուղավոր, մսալի արմատներով կոճղարմատ: Ցողունները եզակի են կամ բազմակի: Տերևները հերթադիր են, ծաղիկները հնգաթերթիկ են, կանոնավոր: Պսակը դալուկ վարդագույն կամ սպիտակ է, իսկ երբեմն էլ` կարմրավարդագույն: Պտուղը սկավառակաձև է` մերկ:

 

Տուղտը ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, պտղակալում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատներով: Նորմալ աճի համար գերադասում է բավարար խոնավությամբ հողերը: Հանդիպում է գետափերին, չորացած գետահուներում, առվափերին, ձորաեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում և այլուր: Մեր հանրապետությունում, բացի դեղորայքայինից, ավելի մեծ չափերով հանդիպում է նաև հայկական տուղտը, որն իր դեղորայքային հատկանիշներով ոչ մի բանով չի զիջում առաջինին: Դեղաբույսը հիմնականում հանդիպում է Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արարատի, Իջևանի, Դիլիջանի, Արտաշատի, Մեղրու շրջաններում և այլուր: «Ալթեան» ծագել է հունարեն «ալցեա» բառից, որը նշանակում է բուժիչ:

 

Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատն ու արմատները պարունակում են մինչև 35% լորձանյութ` պենտոզաների ու հեքսոզաների խառնուրդի ձևով, որոնք հիդրոլիզվելով, տալիս են պենտոզներ և դեքստրոզներ, այնուհետև, մինչև 37% օսլա, 10,2% սախարոզա, բետաին, ճարպայուղ, պեկտին, լեցիտին, ֆիտոստերին, ասպարագին, 4,88% հանքային աղեր, գլխավորապես ֆոսֆատների ձևով: Տերևներում հայտնաբերված են վիտամին C, կարոտին, եթերայուղ և կաուչուկանման նյութեր, ծաղիկներում` պիգմենտ մալվիդին, իսկ սերմերում` մինչև 12% ճարպայուղ:

Բուժական նշանակությունը: Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները: Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը: Որոշ դեպքերում մթերում են նաև չկոշտած կոճղարմատը: Հավաքված հումքը չորացնում են հով տեղում, լավ քամհարվող սենյակում կամ չորանոցում` 35-40 աստիճանի տակ: Չոր հումքը պահում են փայտե տուփերի մեջ կամ պարկերում, 3 տարի ժամկետով: Տուղտի բուժական նշանակության մասին կան տվյալներ դեռևս մ.թ.ա. IV դարից: Դեղաբույսի անունը հիշատակվում է Թեոֆրաստի, Դիոսկորիդի և Պլինիոսի աշխատություններում: Թեոֆրաստը գինու հետ խառնած դեղաբույսն առաջարկել է հազի և ոսկրային կոտրվածքների ժամանակ, թարախապալարի շուտ հասունացման համար նրա վրա դրել է ձիթապտղի յուղով թրջված բույսի տերևը:

 

Բարձր գնահատելով տուղտի բուժիչ հատկանիշները, Կառլոս Մեծը հրաման էր տվել բոլոր տնտեսություններում աճեցնել դեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ: Միջին դարերում հռոմեացի բժիշկ Ալեքսանդր Տրալլիանուսը նշել է, որ տուղտը որպես դեղաբույս հատուկ աճեցվում է վանքերի այգիներում:

 

Ավիցեննան տուղտն անվանել է բազմօգտավետ միջոց:

 

Խառնելով այլ դեղամիջոցների հետ` բույսի սերմերը, ծաղիկները, տերևներն ու արմատը եփուկի, ջրաթուրմի, թրջոցների, սպեղանու և այլ ձևերով բժշկապետն օգտագործել է գլխացավերի, աչքի, ականջի, բերանի խոռոչի, ստամոքսի, մկանների, թոքերի և պլևրայի մի շարք հիվանդությունների ժամանակ: Նա նշում է դեղաբույսի օգտակարության մասին` դժվարամիզության, միզապարկի քարի, ուռուցքների դեպքերում և այլն:

 

 

Մ. Հերացին դեղաբույսը հաճախ օգտագործել է հոգնայի ձևով «բորբոսային ջերմով» հիվանդների մոտ, մասնավորապես թոքային պալարախտի դեպքում, իսկ արտաքին և ներքին կիրառման ձևով` որպես խուխամուղ, ներծծող և փափկեցնող միջոց: Տուղտի վերաբերյալ հարուստ տվյալներ է ներկայացնում Ամիրդովլաթը: Դեղաբույսը («խաթմի», «հալպուպ» իսկ սերմերը` «պզր խաթմի» անվանումների տակ) նա տարբեր ձևերով ու խառնուրդներով օգտագործել է քոսի, ճաղատության, գլխի մաշկի թեփոտության, ականջի բորբի և ցավի, բքնածության, թութքի, կրծքագեղձի բորբոքման, արգանդի և երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բժշկապետի խորհրդով, «երբ ծեծված արմատը դրվի ուռուցքի կամ խոցի վրա` կակղեցնում և փլցնում է, գինով կամ կաթով եփված վիճակում տալուց` օգնում է ջարդվածքին, հետանցքի ցավին և միզուղիների քարերին: Արմատը, քացախով եփած վիճակում, կտրում է ատամնացավը, իսկ սերմերով կարելի է բուժել պիսակը: Մարմինը եթե օծվի քացախով կամ ձեթով պատրաստված սերմերի եփուկով, կարելի է անվնաս մնալ թունավորումներից: Ձեթով թաթախված տերևները կարելի է դնել մաշկի առաջացած բշտիկների վրա»: Այնուհետև բժշկապետը նշում է, որ արմատաեփուկով գլուխը լվանալուց` փափկում և երկարում են մազերը, վերանում գլխի քորը և թեփոտությունը: Ծաղիկները սպեղանու ձևով դնելով գլխին` օգնում են թուլամտության դեպքում: Սերմերը հազի դեմ հիանալի միջոց են, նրանք կտրում են աղիքային արյունահոսությունը, հալում երիկամային քարերը: Արմատաեփուկը օգնում է միզայրոցներին, ստամոքսի, լյարդի, երիկամների և միզապարկի ուռուցքներին: Տերևների եփուկը հեշտացնում է ծննդաբերությունը, քացախաթուրմով օծելուց` օգնում պիսակին և մեղվի խայթածին, աղիքային խիթերին: Բժշկապետի մեջբերումներով, Ըռուֆոսը շրթնահերպեսը բուժելու համար վերցրել է տուղտարմատի փոշի, հակոբուկի հյութ և իշառվույտ, այս բոլորը եփել ձվի դեղնուցով և քսել շրթունքների ախտահարված մասերին: Մասրճուեն տուղտը խառնուրդների ձևով օգտագործել է լեզվակի իջեցման, Զաքարիայի որդին` պլևրալգիայի և պլևրիտների, Սահակը` աղիքային արյունահոսության, որովայնային խիթերի, երիկամային ախտահարումների, օրխիտի, երակների լայնացման և թրոմբոֆլեբիտների. Գալենը` երիկամաքարերի, Արպիասոսը` միզապարկի խոցի, Մատային` միզակապության, Դևճանիսը և Արճիճանիսը` միզապարկի ուռուցքների, Հիպոկրատը` արգանդային բորբոքումների, ռևմատիկ հոդացավերի, Էհանան` արգանդի քաղցկեղի ժամանակ և այլն:

 

Հայկական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկը ողողումների ձևով օգտագործվել է կոկորդի բորբոքումների ժամանակ, նույն եփուկը` գինով կամ կաթով, օգտագործվել է միզուղիների քարերի դեպքում, տերևների կամ արմատի հյութը` ձվի սպիտակուցի հետ խառնած, գլխացավերի ժամանակ քսել են գլխի ցավոտ մասերին: Մաստիտների ժամանակ արմատաեփուկը` սագի ճարպի կամ բևեկնայուղի հետ խառնված, օգտագործվել է սպեղանու ձևով: Նույն եփուկը նշանակվել է ծննդաբերության դեպքում` ցավերը մեղմացնելու նպատակով: Տրորված տերևները` ձեթի հետ խառնած, դրել են քրտնախաշ օջախների, իսկ արմատափոշին` կաթնաշփոթի ձևով, գեղձախտային վերքերի վրա:

 

 

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ արմատաեփուկը կոմպրեսի ձևով դրվել է այրվածքների և մաշկային բորբոքական օջախների վրա, իսկ ներքին ընդունման ձևով այն օգտագործվել է գրիպի, վերին շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի կատառի, անգինայի և դեղնուկի ժամանակ: Այն թրջոցների ձևով կիրառվել է կոնյուկտիվիտների, իսկ ներլվացման ձևով` կանանց մոտ սպիտակաթորանքի դեպքում: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը տարբեր ձևերով օգտագործվել է արյունալուծի, էնտերոկոլիտների, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդությունների ժամանակ: Ա.Պ. Պոպովի տվյալներով, ժողովրդական բժշկության մեջ տուղտը լայնորեն օգտագործվում է շնչուղիների, ստամոքսաաղիքային տրակտի, միզուղիների, լեղուղիների մի շարք բորբոքումների, խոլերայի, էնուրեզի ժամանակ և այլն: Դեղաբույսի արմատները օֆիցինալ են մեզ մոտ և աշխարհի 26, տերևները` 10, իսկ ծաղիկները` 3 երկրներում: Դեղաբույսի պատրաստուկները գիտական բժշկության մեջ համարվում են որպես փափկացնող, մածող, հակաբորբոքիչ, ցավազրկող և խուխամուղ: Հիմնավորված է, որ դեղաբույսը նվազեցնում է բորբոքական և խոցային պրոցեսների գրգռվածությունը` կոլոիդ նյութերով մածելով տվյալ օջախները, միաժամանակ դանդաղեցնելով ներծծական պրոցեսներն աղիներում` բարենպաստ հող է ստեղծում տեղային ներգործող հակաբորբոքիչ դեղանյութերի համար:

 

Կլինիկական պայմաններում տուղտի պատրաստուկներն օգտագործվում են բրոնխիտների, տրախեիտների, կապույտ հազի, թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի, սուր գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, ցիստիտների, ցավոտ և ակամա միզարձակումների, երեխաների լուծերի, երիկամային հիվանդությունների ժամանակ և այլն: Գրեթե նույն նպատակներով դեղաբույսը կիրառվում է հոմեոպաթիայում և անասնաբուժության մեջ: Այն մտնում է Զդրենկոյի միքստուրայի բաղադրության մեջ: Դեղահատեր պատրաստելու գործում արմատափոշին օգտագործվում է որպես կազմիչ: Դեղաբույսը մտնում է նաև կրծքային թեյերի, կոկորդի ողողման և փափկացնող հավաքածուների բաղադրությունների մեջ:

 

Մեր կողմից տուղտարմատի թուրմը օգտագործվել է սուր գաստրիտների, տրախեաբրոնխիտների, թունավոր միջատների խայթման և թունավոր բույսերի հետ շփման դեպքերում առաջ եկած բորբոքումների ժամանակ: Սուր գաստրիտների դեպքում դեղաբույսի ազդեցության տակ կարճ ժամանակում դադարել են վերփորի շրջանի ցավերը, մեղմացել, ապա վերացել նողկանքն ու փսխումը, ստամոքսի հատվածի ճնշման և ծանրության զգացումները: Բերանի այլահամության և համզգացման խանգարման երևույթներն այս բուժման ընթացքում ավելի շուտ են նորմալացել, քան սուր գաստրիտներն այլ մեթոդներով բուժման դեպքերում: Սուր տրախեաբրոնխիտների դեպքում տուղտի ջրաթուրմը հիվանդների մի մասը ստացել է միայն ըմպելով, իսկ մյուս մասը, բացի ըմպելուց, նաև ինհալացիայի ձևով: Երկրորդ խմբի հիվանդների մոտ ստացված արդյունքն ավելի ակնհայտ է եղել, անհամեմատ ավելի շուտ են վերացել տվյալ հիվանդության կլինիկական նշանները, քան առաջին խմբի հիվանդների մոտ: Թունավոր միջատների խայթման (մեղու, պիծակ, մոծակ և այլն) և թունավոր բույսերի (կոծուկ, ողկուզակ, վագրենի շուշան, կծու հրանունկ և այլն) հետ շփվելուց առաջ եկած բորբոքումների դեպքերում ախտահարված մասի վրա դրել ենք բույսի արմատի ջրաթուրմից պատրաստված թրջոցներ: Բուժման հետևանքով 1-2-րդ օրերից պակասել են մաշկի այրոցներն ու ցավերը, կարմրությունն, այտուցը, նվազել տեղային ջերմային ռեակցիան, որը չափվել է էլեկտրաթերմոմետրով: Մենք եկել ենք այն եզրակացության, որ դեղաբույսն ունի ոչ միայն տեղային հակաբորբոքիչ և ցավազրկող, այլև ներծծող և հակաալերգիկ հատկություններ:

 

Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե թրմում են 1լ եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ: Ծաղիկներից և տերևներից ջրաթուրմ պատրաստում և օգտագործում են նույն եղանակով, միայն հումքը վերցնում են կրկնակի դոզայով, կամ` 6,5 գ արմատահումքը 100 մլ ջրում փակ ամանի մեջ 15 րոպե պահում են ջրաբաղնիքում, թրմում 10 րոպե ու քամում: Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ` 10 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ սառը ջրում, ապա ըմպում վերոհիշյալ ձևով, կամ` 1 թեյի գդալ հումքը (6 գ) 10-15 րոպե թրմում են 180 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ, իսկ երեխաներին տալիս են 1-ական ճաշի գդալ` օրը 4 - 5 անգամ, կամ` 4 թեյի գդալ արմատը 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը կամ եռման ջրում, քամում ու ըմպում 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 1 թեյի գդալ ծաղիկը 1-2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ընդունում 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ, գոլ վիճակում: Նույն դոզայով ու եղանակով պատրաստում են տերևաթուրմը: Բոլոր դեպքերում թուրմ ընդունելիս նրան, ըստ ճաշակի, կարելի է ավելացնել մեղր: Դեղաբույսի խուխամուղ հատկությունն ավելի ուժեղացնելու նպատակով այն կարելի զուգակցել մատուտակի հետ:

 

 

Ջրիկ մզվածք պատրաստելու համար ջրաթուրմը ջրային բաղնիքում գոլորշացնում են այնքան, մինչև որ կիսվի ծավալով: Այն ըմպում են 2-ական թեյի գդալ` օրական 3 անգամ: Օշարակ պատրաստելու համար 98%-անոց շաքարալուծույթին ավելացնում են 2 գ չոր մզվածք, խառնում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Տուղտը դեղատներում բաց է թողնվում նաև փոշու և չոր մզվածքի ձևերով: Կրծքային № 1 թեյը պարունակում է 2-ական մաս տուղտ և տատրակ, 1 մաս խնկածաղիկ, № 3 թեյը` հավասարաչափ տուղտի և մատուտակի արմատներ, սոճու բողբոջներ, անիսոնի սերմ և եղեսպակ, № 4 թեյը` 2-ական մաս տուղտ և մատուտակ, 1 մաս սամիթ, № 5 թեյը` 8 մաս տուղտ, 2-ական մաս խռնդատի ծաղիկ և անիսոնի սերմ, 4 մաս տատրակ, 3 մաս մատուտակի և 1 մաս մանուշակի արմատներ: Բոլոր այս թեյերն ընպում են միանման: Այսպես, 1 ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ, 3 ժամը մեկ անգամ, հիմնականում շնչական օրգանների բորբոքումների ժամանակ: Կրծքային № 6 թեյի մեջ մտնում են 4-ական մաս տուղտ, անիսոնի սերմ և սոճու բողբոջներ, 3-ական մաս մատուտակի արմատ և եղեսպակ, 2 մաս խռնդատի ծաղիկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում ուտելուց հետո, 1/2 ական բաժակ` օրական 2-3 անգամ: № 7 թեյի մեջ մտնում են 1-ական մաս տուղտ, տատրակ, անիսոնի սերմեր և մատուտակ, իսկ № 8 թեյի մեջ, հավասարաչափ` տուղտի, փիփերթի և խռնդատի ծաղիկներ: Այս երկու թեյերն էլ օգտագործվում են № 6 թեյի նման:

 

Փափկացնող № 3 հավաքածուն պարունակում է 1-ական մաս տուղտ, երիցուկի և փիփերթի ծաղիկներ, իշառվույտ և 3 մաս կտավատ: 1 ճաշի գդալ այս խառնուրդից 20 րոպե 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո այն օգտագործում են թրջոցալաթերի ձևով: Նույն նպատակով և նույն ձևով օգտագործվում է նույնատիպ № 4 հավաքածուն, որը պարունակում է հավասարաչափ տուղտի տերևներ, իշառվույտ և երիցուկ: Կոկորդի ողողման № 4 հավաքածուն պարունակում է 2 մաս տուղտ, 4 մաս խնկածաղիկ և 6 մաս կաղնու կեղև: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և օգտագործում կոկորդի ողողումների համար:

 

Այլ օգտակար հատկանիշները: Տուղտը դեկորատիվ է, մեղրատու: Արմատները երբեմն ուտում են հում կամ խաշած` որպես դիետիկ միջոց: Դրանցից պատրաստում են սոսինձ, ցողուններից` թուղթ և մանրաթել: Ծաղիկները բուրդը ներկում են կարմիր: Սերմերից ստացվող ճարպայուղը օգտագործվում է ներկերի և լաքերի արտադրության մեջ: Դեղաբույսի արեալների հետագա պահպանման նպատակով այն վերցված է մշակման:

Թանթրվենի սև - Бузина черная - Sambucus nigra L.

16:30, 14.02.2012 | FITOTERAPIA | ID: 4288 | 1125 դիտում |

 

Թանթրվենի սև - Бузина черная - Sambucus nigra L.

 

Հայկական տարանունները բոռքիչ, թանթրավենի, կտտկենի, շամբուկ, փորքիչ

Դեղաբույսի նկարագրությունը: Այծատերևազգիների ընտանիքին պատկանող թուփ կամ մինչև 2-6 մետրի հասնող լայնասաղարթ ծառ է: Տերևները բարդ են, բնորոշ տհաճ հոտով: Ծաղիկները սպիտակ են, հոտավետ: Պտուղները սև են (այստեղից էլ ծագել է անունը), կլորավուն, հյութալի, պարունակում են 3-4 սերմ: Ծաղկում է հունիսին, երբ ծառն արդեն լրիվ տերևակալված է լինում, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Բույսի արմատը հողի մեջ խոր չի թափանցում: Նախընտրում է բերրի և բերովի հողերը: Բավականաչափ ջրասեր է, լավ դիմանում երաշտին, սակայն ցրտի նկատմամբ զգայուն է: Բնորոշ է ստվերադիմացկունությամբ և արագ աճով: Պտղակալում է ոչ կանոնավոր: Բազմանում է սերմերով և կտրոններով, հեշտությամբ վերաճում է նաև կոճղերից դուրս եկած շիվերով: Հանդիպում է անտառների «պատուհաններում», հին հատատեղերում, ճամփեզրերին, ձորեզրերին և այլուր: Առավելապես տարածված է հաճարենու անտառներում, հատկապես խոնավ հաճարկուտներում` արևելյան ու վրացական կաղնու և բոխու հետ մեկտեղ: Գտնում են, որ անունը ծագել է Իրանում տարածված եռալար երաժշտական գործիք սամբուկից, որը պատրաստում են թանթրվենու փայտից: Սակայն` համաձայն հունական աղբյուրների, «սամբիքս» կամ «սանդիքս» նշանակում է կարմիր ներկ. խոսքն այն ներկի մասին է, որը ստանում են բույսի պտուղներից և որով ներկում են գործվածքները:

 

Քիմիական բաղադրությունը: Ծաղիկները պարունակում են գլիկոզիդ սամբունիգրին, որը ճեղքվելով տալիս է կապտածնաթթու, բենզալդեհիդ և գլյուկոզա, այնուհետև C վիտամին, ռուտին, խեժ, եթերայուղ (մինչև 32%), խոլին, կալցիումական աղեր, քլորածնային, կոֆեինային, վալերիանային թթուներ, խնձորաթթու և քացախաթթու: Պտուղներում հայտնաբերված են վիտամիններ՝ C (մինչև 50 մգ%), E, կարոտին, քրիզանթեմին, թիրոզին, դաբաղանյութեր, գինեթթու, խնձորաթթու, կարբոնաթթու, գլյուկոզա, ֆրուկտոզա: Տերևներից անջատվել է սամբունիգրին, եթերայուղ, ալդեհիդներ, C վիտամին (մինչև 280 մգ%), կարոտին, ճյուղերի կեղևից` եթերայուղ, խոլին, ֆիտոստերին, իսկ սերմերից` ճարպայուղ:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է ամբողջ բույսը, անգամ կեղևը և արմատները, սակայն հիմնականում` ծաղիկները և պտուղները: Ծաղիկները հավաքում են չոր եղանակին` լրիվ բացվելուց հետո: Դանակով կամ մկրատով կտրում են ամբողջ ծաղկաբույլը. քանի որ վերջինս շուտ փչանում է, արագ չորացնում են ստվերում, լավ քամհարվող տեղում , թղթի վրա, միաշերտ փռված վիճակում: Պատրաստի հումքը պահում են չոր, քամհարվող տեղում` մառլյայից պարկիկների մեջ: Ծաղկաբույլերը հավաքելիս երբեք չպետք է կտրել ճյուղերը, որ չպակասի բույսի հաջորդ տարվա բերքատվությունը: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո (օգոստոս- սեպտեմբեր ամիսներին), չորացնում են 30-35° պայմաններում: Չոր հումքը պահում են տուփերի մեջ` 6 ամիս ժամկետով: Դալար տերևները հավաքում են գարնանը, կեղևը` ամռանը:

 

 

Որպես դեղաբույս թանթրվենու մասին տվյալներ կան Պլինիոսի գործերում: Մարդկությանը վաղուց են հայտնի ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ և լուծող հատկությունները. դրանք թուրմի և եփուկի ձևով կիրառվել են բրոնխիտների, տարբեր տեսակի ջերմերի, ռևմատիզմի, պոդագրայի, երիկամային քարային դիաթեզի (ավազի), փորկապության և փորի շրջանի ցավերի ժամանակ, իսկ արտաքին` ողողումների կամ թրջոցների ձևով, անգինայի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, աչքերի և ականջների մի շարք հիվանդությունների դեպքում: Թութքի բուժման նպատակով թարմ տերևը դրվել է ախտահարված տեղին` կոմպրեսի ձևով: Պտուղները և արմատները, որպես միզամուղ և ընդհանուր կազդուրիչ, օգտագործվում են ջրգողության, շաքարախտի, դիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ:

 

Ամիրդովլաթը «խաման», «մեծ խաման», «շապուղա» անունների տակ դեղաբույսի տարբեր մասերն օգտագործել է զանազան նպատակներով: Այսպես, նա նշում է, որ արմատը գինով եփած` ներքին ընդունման ձևով, օգտակար է ջրգողությանը և գազանահարին, կանանց մոտ կբացի արգանդը, եթե լոգանք ընդունեն, մազերը սև կներկվեն, եթե օծեն մազերը: Թարմ տերևը` գարու ալյուրով, եթե սպեղան դրվի բորբոքական ուռուցքի, շան կծածի, այրվածքի և խուղակի վրա, տալիս է դրական արդյունք: Տերևահյութը, ներքին ընդունման ձևով, օգնում է կոտրվածքին և սալջարդին:

 

Հայկական ժողովրդական բժշկարանների տվյալներով` թանթրվենու ծաղիկները, որպես քրտնամուղ և միզամուղ միջոց, օգտակար են ուրեմիայի ժամանակ, բարորակ են ներգործում ձայնի խզման և խռպոտման դեպքում: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներին վերագրում են «արյունը մաքրող» հատկություն, իսկ մատղաշ տերևները` մեղրի մեջ եփված վիճակում, ներքին ընդունման ձևով, համարվում են նուրբ լուծողական: Ծաղիկների եփուկը թրջոցալաթի ձևով դնում են ցավող ականջին, ռևմատիկ և պոդագրիկ բնույթի ախտահարված հոդերի վրա: Կարմիր քամով ախտահարված մաշկին դնում են քերված կեղևի ջրաթուրմը, որը պատրաստում են կանեփի սերմերի կաթնահյութով: Մատղաշ տերևները կաթի մեջ թեթևակի խաշելուց հետո, դնում են պառկելախոցի, բորբոքական օջախների, հատկապես թութքահանգույցների վրա: Ծաղիկներից` կապույտ տերեփուկի, ակնախոտի և արջընկույզի սերմերի հետ, պատրաստում են ջրաթուրմ և օգտագործում աչքի հիվանդությունների ժամանակ: Չեխական ժողովրդական բժշկության մեջ պտուղների հյութն օգտագործում են եռորյակ գոտկասրբանային նյարդերի բորբոքուների ժամանակ: Թանթրվենու դեղամիջոցները հնդկական բժշկության մեջ և հոմեոպաթիայում հայտնի են որպես միզամուղ, քրտնամուղ և փսխեցնող միջոց: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներից պատրաստված թեյը լայն կիրառում ունի մի շարք ցրտառական հիվանդությունների, ջրգողության և ճարպակալման ժամանակ, իսկ պտուղներց պատրաստված մարմելադը հայտնի է որպես միզամուղ և լուծողական միջոց: Տերևներից պատրաստված եփուկը` լոգանքի ձևով, օգտագործվում է ռևմատիզմի, պոդագրայի, թութքի և մաշկային ցանավորումների ժամանակ: Բացի քրտնամուղ և միզամուղ լինելուց, ծաղիկներն ունեն նաև պատող, թեթևակի ախտահանող, ջերմ իջեցնող և հակաբորբոքիչ հատկություն:

 

 

 

Բացի ցրտառական հիվանդություններից, դրանք օգտագործվում են նաև լյարդի ախտահարումների դեպքում` որպես լեղամուղ: Ծաղիկները մտնում են քրտնամուղ, լուծողական և կոկորդային հավաքածուների մեջ: Քրտնամուղ № 5 թեյի մեջ թանթրվենու ծաղիկներն անանուխի տերևների և լորենու ծաղիկների հետ խառնված են հավասար քանակությամբ. այն օգտագործվում է եփուկի ձևով` 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում եռացնելով 10 րոպե, ըմպում են միանվագ որպես թեյ: № 6 քրտնամուղ թեյի մեջ, որն օգտագործվում է նույն ձևով, թանթրվենու ծաղիկները խառնված են լորենու ծաղիկների հետ 1:1 հարաբերությամբ: Փափկացնող № 2 հավաքածուի մեջ թանթրվենու ծաղիկները հավասար չափով խառնված են եղեսպակի և մոլոշի ծաղիկների հետ, որից մեկ պտղունց եփացնում են մեկ բաժակ ջրում և օգտագործում կոկորդի ու բերանի ողողումների համար: Նույն նպատակի համար օգտագործում են № 5 կոկորդային հավաքածուն, այդ խառնուրդին հավասար չափով ավելացնում են նաև կաղնու կեղև: Հիմնավորված է, որ ծաղիկների պատրաստուկները նպաստում են բրոնխներում կուտակված թանձր խուխի ջրիկացմանը և նրա արտազատմանը: Ծաղիկները մտնում են նաև սենժերմենյան լուծողական հավաքածուի մեջ` անիսոնի և սամիթի սերմերի, ալեքսանդրյան տերևի և գինեքարային աղի հետ: Դեղաբույսի պատրաստուկները ինհալացիայի ձևով օգտագործվում են շնչական օրգանների հիվանդությունների, հատկապես բրոնխէկտազիաների ժամանակ:

 

Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում ծաղիկների մզվածքը` 10-15-ական մլ, օրական 3 անգամ տրվել է սրտային և երիկամային ծագում ունեցող այտուցներով 30 հիվանդի: Արդյունքը եղել է այն, որ ավելացել է հիվանդների միզարձակումը, նվազել մեզի տեսակարար կշիռը, պակասել կամ լրիվ վերացել են այտուցները: Դեղաբույսի կիրառումից ոչ ցանկալի, կողմնակի երևույթներ չեն նկատվել: Դեղաբույսի ծաղկաբույլերը օֆիցինալ են աշխարհի 22 երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ (1961 թվականից): Ծաղիկների թուրմն օգտագործելով մեղրի հետ` ավելի է բարձրացնում թուրմի քրտնամուղ, ջերմ իջեցնող, հակառևմատիկ և այլ օգտակար հատկությունները: Ըստ որում` արմատն իր միզամուղ և քրտնամուղ արդյունքով զգալի չափով զիջում է ծաղիկներին և տերևներին:

 

Մեր բազմամյա կլինիկական հետազոտությունները պարզել են, որ բույսի ծաղիկներն ու պտուղներն օժտված են որոշակի բուժական ազդեցությամբ` սուր տրախեաբրոնխիտների, գրիպային վիճակի, սուր և քրոնիկական պիելոցիստիտների, հատկապես գաստրիտների և համառ փորկապությունների ժամանակ: Վերջինիս դեպքում դեղաբույսի պատրաստուկները ոչ թե առաջ են բերում լուծ, որը հաճախ վատ է անդրադառնում քրոնիկական փորկապությամբ տառապող հիվանդների վրա, այլ կանոնավորում են աղիների գործունեությունը: Ռենտգեն հետազոտությոմբ պարզվել է, որ թանթրվենու պատրաստուկների ազդեցության տակ աշխուժանում է մինչև այդ ատոնիկ վիճակում գտնվող աղիների շարժունակությունը, վերանում սպաստիկ կոլիտի պատկերը, իսկ կլինիկորեն` դադարում են ցավերն աղիների հատվածում:

 

Հիվանդների մեծ մասի մոտ ստացված արդյունքը եղել է տևական:

 

 

 

Կիրառման եղանակները: Ծաղիկներից թուրմ պատրաստելու համար 20 գ հումքը թրմում են 20 րոպե 1 լ եռման ջրում, հովանալուց հետո ըմպում 1-ական բաժակ` օրը 3 անգամ, կամ` 2 թեյի գդալ ծաղկահումքը փոշի վիճակում 1 բաժակ եռման ջրում 10 րոպե թրմելուց հետո քամում են և ըմպում օրվա մեջ 3 անգամ: Պտուղներից ու տերևներից սառը ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են կեսական թեյի գդալ, լցնում 1 բաժակ սառը ջրի մեջ, թողնում ամբողջ գիշերը և առավոտյան` քիչ տաքացնելուց հետո, ըմպում միանվագ: Թարմ ծաղիկներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ կտրատված հումք, 20 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում և ապա ըմպում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, կամ` 5-15 գ մանր կտրատված ծաղկահումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում 20 րոպե, քամում, պահում սառը տեղում և ըմպում 1/4 բաժակ, օրը 3 - 4 անգամ` ուտելուց առաջ, կամ` 20 գ չոր հումքը 200 մլ եռման ջրում թրմում են կես ժամ, ապա ըմպում 2-ական ճաշի գդալ` 3 ժամը 1 անգամ:

 

Կեղևից ջրիկ մզվածք պատրաստելու համար մանր կտրատված հումքը հավասար քանակով ջրի մեջ եռացնում են մինչև ծավալով կիսվելը, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ, օրը 2-3 անգամ` ուտելուց հետո: Արմատից և կեղևից եփուկ պատրաստելու համար ամեն մի հումքից վերցնում են 15- ական գրամ և 20 րոպե եռացնում 1 լ ջրի մեջ, ապա ընդունում 1- ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` երիկամային հիվանդությունների , ջրգողության և շաքարախտի ժամանակ, կամ` կեղևից եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում ու ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, մեղրի հետ, կամ` վերցնում են մատղաշ ճյուղերի կեղև` 9-12 գ, իսկ եթե կեղևափոշի` 6-7 գ, լցնում 3 բաժակ եռման ջրի մեջ, շոգեխաշում ջեռոցում 5-6 ժամ, իսկ փոշու դեպքում` 2-3 ժամ, ապա ըմպում կեսական բաժակ, օրական 5-6 անգամ ` սկսվող ջրգողության ժամանակ:

 

Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 1 բաժակ եռման ջրում եռացնում են 10 րոպե, ավելացնում մեղր ու ըմպում 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ: Տերևներից և արմատից եփուկ պատրաստելու համար հավասար չափով իրար խառնված հումքերից վերցնում են 20 գ, 1 բաժակ ջրի մեջ եռացնում 20 րոպե, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, մեղրով: Որովայնի տարբեր բնութի ցավերի ժամանակ պատրաստում են մեղրով թեյ` 1,5 լ ջրին ավելացնելով 15- ական գրամ թանթրվենու ծաղիկ, անանուխ, հազարատերևուկ և քիչ քանակությամբ մանրացրած կոճապղպեղ (իմբիր) : Խառնուրդը եռացնում են 10 րոպե, ապա ըմպում կեսական բաժակ` օրական 6 անգամ: Պտուղներն օգտագործում են նաև թեյի, կիսելի, պովիդլոյի, մուրաբայի կամ օշարակի ձևով: Պտուղներից օշարակ պատրաստելու համար շոգեխաշած հումքից հանում են հյութը, ավելացնում շաքարի օշարակ և եփում մինչև թանձրանալը:

 

 

 

Այլ օգտակար հատկանիշները: Հասուն պտուղները համեղ են և պիտանի ուտելու համար: Դրանցից կարելի է պատրաստել մարմելադ, ժելե, մուրաբա, օշարակ, ջեմ, քացախ. դրանք կարող են նաև փոխարինել թեյին և սուրճին: Ծաղիկներն ու պտուղներն օգտագործում են լիկյորի և կոնյակի արտադրության մեջ, պարֆյումերիայում, դրանցով գինուն տալիս են մշկընկույզի համ ու հոտ, իսկ խմորին` նշի հոտ: Պտուղները սուպի մեջ օգտագործում են որպես համեմունք. դրանցից պատրաստում են թանաք, հատուկ ներկ, որով գույն են տալիս սննդամթերքին: Եվրոպայում թանթրվենին դեկորատիվ նպատակով աճեցվում է պուրակներում, զբոսայգիներում և այլուր: Բնափայտը շատ թեթև է ու ամուր, օգտագործվում է մանր իրեր ու գործիքներ պատրաստելու համար, միջուկն օգտագործվում է մանրադիտակային քննության տեխնիկայում: Փայտը լավ դիմանում է խոնավությանը, օգտագործվում է խաղողի այգիներում` հենարանի նպատակով, իսկ լավ հղկված փայտը` ժամացույցների փայտյա մասերի արտադրության մեջ: Թանթրվենու հոտը բնակարաններից վանում է ուտիճներին ու փայտոջիլներին: Պտուղները կերի հրաշալի պաշար են թռչունների համար, իսկ բույսը պիտանի է հեղեղատների ամրացման գործում: Այն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն և ոչնչացնում է մի շարք հիվանդագին մանրէների: Պտուղներից ստացվող ներկը մետաքսը ներկում է կարմիր և ձիթապտղագույն:

Սինդրիկ - Купена - Polygonatum Adans

16:28, 14.02.2012 | FITOTERAPIA | ID: 4287 | 1124 դիտում |

 

Սինդրիկ - Купена - Polygonatum Adans

 

Հայկական տարանունները - կցմծուկ, սամնտրուկ, սանդրուկ, սնդրիկ, սնդրուկ, Սողոմոնի կնիք, քրմնցուկ

Դեղաբույսի նկարագրությունը: Ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, 15-45 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է, հաստ կոճղարմատով: Ունի հերթադիր, ձվանշտարաձև տերևներ, երկսեռ ծաղիկներ: Պտուղը սև կամ կապտավուն հատապտուղ է: Ծաղկում է մայիս-հունիս, պտղակալում` հունիս-օգոստոս ամիսներին: Մեր հանրապետությունում աճում են` օղակատերև, հարթ, բազմածաղկավոր և կովկասյան սինդրիկները: Այս տեսակները լայնորեն տարածված են խառն անտառներում, ալպյան և ենթալպյան գոտիներում, 1500-2200 մ բարձրության վրա, գլխավորապես Իջևանի, Դիլիջանի, Ստեփանավանի, Կիրովականի, Հրազդանի, Գորիսի, Մեղրու և այլ շրջաններում: Բոլոր տեսակներն էլ ունեն թե´ բուժական, և թե´ սննդային նշանակություն: Սինդրիկը բազմանում է սերմերով և կոճղարմատով` հաճախ տալով լայնատարած բուսուտներ: Ձմեռում է լավ, պտղակալում` ոչ ամեն տարի:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսի գրեթե բոլոր մասերում հայտնաբերված են ալկալոիդներ, սապոնիններ, հովտաշուշանի գլիկոզիդներից` կոնվալյարին, կոնվալյատոքսին, կոնվալյամարին, մինչև 330 մգ% C վիտամին, տանին, բուսական լորձ և օսլա:

 

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը, տերևները և դալար ցողունը: Վերջինս հիմնականում ուտելու նպատակով հավաքում են ապրիլ-մայիս ամիսներին, տերևները` ծաղկման ընթացքում, իսկ կոճղարմատն` աշնան ամիսներին: Հումքը պահում են չորացրած կամ կոնսերվացրած վիճակում: Սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի: Հնդկաստանում բույսի կոճղարմատը ճանաչել են որպես մածող, փափկացնող և տոնուսավորող միջոց: Տիբեթում կոճղարմատից պատրասում են դեղամիջոց` ծերունական զառամության և ավշահանգույցների բորբոքումների դեմ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագօրծում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում` պոլիարթրիտների ժամանակ: Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց: Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացուmների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ: Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն: Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում:

 

Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքական ուռուցքների վրա:

 

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը («պոլուղունաթին» անվան տակ), մաքրում է մեզը և ստամոքսը: Արմատը` շաղախված շաքարի կամ մեղրի հետ, ուժեղացնում է արգանդի կծկումները: Իսկ Շահրիմանյանը նշում է, որ դեղաբույսը («սանդրուկ» անվան տակ) օգտագործվում է Հայաստանում որպես կերակուր, միաժամանակ այն շատ օգտակար է սատմոքսին և ներքին օրգաններին: Ըստ Ա.Ա. Գրոսգեյմի, կոճղարմատի հյութը դեմքին քսելիս կարմրեցնում և նրբացնում է դեմքի մաշկը, իսկ նրա թուրմն ունի դեմքն արևահարությունից պաշտպանելու հատկություն:

 

 

Սակայն բույսի սերմերը, մասամբ նաև մյուս մասերը, թունավոր են: Արածելու ընթացքում պատահմամբ ուտելով` անասունները թունավորվում են, որի հետևանքով առաջ է գալիս սրտի աշխատանքի թուլացում, շնչառության դանդաղում, հաճախամիզություն, փորլուծություն և այլն: Դեղաբույսն օժտված է հակամիկրոբային ակտիվությամբ:

 

Հաշվի առնելով սինդրիկի ախորժակ գրգռող հատկությունը` Կ.Ս. Մարջանյանի հետ համատեղ, մենք չորացրած ընձյուղների եփուկը` 4,0-200 մլ չափով` որպես փորձնական նախաճաշ` օգտագործել ենք առողջ և ստամոքսային հիվանդություններով (քրոնիկական գաստրիտներ և խոցային հիվանդություն) հիվանդների մոտ. ստացված տվյալները` համեմատության մեջ դնելով պրակտիկայում լայնորեն կիրառվող Էրմանի և Լեպորսկու նախաճաշերից և հիստամինային դրդումից ստացված ցուցանիշների հետ, պարզվել է, որ սինդրիկի եփուկն անհամեմատ ավելի ուժեղ է դրդում ստամոքսահյութի արտազատությունը, նրա կարևոր բաղադրատարրերը (աղաթթուն, պեպսինը, գաստրոմուկոպրոտեինները) և ստամոքսի որոշ այլ ֆունկցիաներ (էվակուատոր, էլիմինացիոն), քան էթիլսպիրտը կամ կաղամբահյութը և այս հատկությամբ մոտենում է հիստամինի ներգործությանը: Սինդրիկի ազդեցության տակ միաժամանակ գրանցել ենք ստամոքսի շարժիչ ֆունկցիան: Պարզվել է, որ ելքային թերսեկրետոր, հիպոկինետիկ պայմաններում, սինդրիկի ներգործության տակ, հյութի քանակի և նրա բաղադրատարրերի նորմալացման ֆոնի վրա հաճախ նկատվել է հիվանդների ստամոքսի շարժիչ ֆունկցիայի նորմալացում: Ըստ որում` խոցային հիվանդության և գերսեկրետոր գաստրիտների պայմաններում սինդրիկի ազդեցության տակ թեև նկատվել է շարժիչ ֆունկցիայի որոշակի արգելակում, սակայն սեկրեցիայի կողմից դեպի լավը ոչ մի փոփոխություն չի արձանագրվել: Մենք եզրահանգել ենք, որ սինդրիկն ունի ստամոքսի սեկրեցիան դրդող առավել ուժեղ ներգործություն, քան կաղամբահյութը կամ էթիլսպիրտը, ուստի այն լայնորեն կարելի է կիրառել փորձնական նախաճաշի ձևով` ստամոքսային հիվանդությունների ախտորոշման բնագավառում, քանի որ այն մատչելի է և բացարձակապես անվնաս օրգանիզմի համար: Միաժամանակ մենք առաջարկել ենք եփուկի ձևով սինդրիկն օգտագործել ստամոքսի թերֆունկցիոն բնույթի ախտահարումների ժամանակ` որպես սեկրեցիան և նրա կարևոր բաղադրատարրերը դրդող միջոց:

 

 

Կիրառման եղանակները: Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ: Կոճղարմատից եփուկ պատրաստելու համար 40-50 գ մանրացրած հումքը 30 րոպե եփում են 0,5 լ ջրում, ապա օգտագործում թրջոցների ձևով, կամ` 20 գ հումքը 30 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Չորացրած, դալար ընձյուղներից մեր եղանակով եփուկ պատրաստելու համար 4 գ հումքը 10 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հետո ավելացնում գոլորշիացման հետևանքով պակասած ջրի քանակը և օգտագործում միանվագ` որպես փորձնական նախաճաշ, կամ` թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների ժամանակ բուժման նպատակով` 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց անմիջապես առաջ, 2-3 շաբաթ տևողությամբ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Սինդրիկը բնակչությանը ծանոթ կերաբույս է: Մատղաշ ընձյուղները խաշում են ու օգտագործում քացախով, տապակում կամ պահածոացնում են ձմեռվա համար: Այն ունի հաճելի ախորժակաբեր համ ու հոտ: Կոճղարմատի փոշին` շնորհիվ լորձառատության, առաջարկվում է օգտագործել որպես սոսինձ: Բույսը նեկտարատու է և` շնորհիվ գեղեցիկ տեսքի, ունի նաև դեկորատիվ նշանակություն:

 

Տերեփուկ կապույտ - Василек синий - Centaurea cyanus L.

16:24, 14.02.2012 | FITOTERAPIA | ID: 4286 | 1124 դիտում |

 

Տերեփուկ կապույտ - Василек синий - Centaurea cyanus L.

 

Հայկական տարանունները – ապուրի ծաղիկ, բոխոլոճ, բոցտան ծաղիկ, թերեփուկ, ժենկեռի ծծուկ, ծծմոր, կոճակ ծաղիկ, մարգրտի մեր, մաքու թշեկ, ոչխարի աչք, չերքեզ-գլոխ, պսակ ծաղիկ, սմնակ, օղ ծաղիկ

Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 60 սմ բարձրության, ուղիղ, ճյուղավոր, թավոտ ցողունով միամյա խատաբույս է: Միջին տերևները նշտարաձև են, իսկ ծայրերին` գծային կամ նեղ գծային, թույլ քավոտ: Եզրային ծաղիկները կապույտ են, իսկ խողովակային ծաղիկները` կարմրամանուշակագույն: Սերմիկները գորշ կամ գորշադեղնավուն են` փուփուլակիր: Բույսը բազմանում է սերմերով, որոնց կենսունակությունը պահպանվում է մինչև 10 տարի: Ծաղկում է հունիս-հուլիսին, կանոնավոր պտղակալում` օգոստոսին: Տիպիկ դաշտային մոլախոտ է, առատորեն աղբոտում է հացաբույսերի ցանքերը: Հանդիպում է նաև անմշակ հողերում, խոզաններում, խոտաբույսերի մեջ, թփուտներում և այլուր: Գերադասում է ավազանային և ավազակավային հողերը: Մեր հանրապետությունում տարածված խոտաբույս է: Ցեղի «Ցենտաուրեա» անվանումը հուներեն «կենտաուռեիոս» բառից է, որը տվել է Արիստոտելը: Ըստ Պլինիոսի, այդ անունը ծագել է «կենտավր» բառից. Ըստ հին հունական դիցաբանության, կենտավր (ձիaմարդ) Խիրոնը թունավոր նետով վիրավոր Հերկուլեսին իբր թե բուժել է տերեփուկով: Ի պատիվ կենտավր Խիրոնի, ծագել է բույսի անունը, իսկ «ցիանուս» հուներեն նշանակում է կապույտ:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսի եզրային ծաղիկները պարունակում են ֆլավոնոիդ պլեարգոնին քլորիդ, անտոցիաններ, ցիանիդիններ, չուսումնասիրված գլիկոզիդներ (ցինարին, ցենտաուրին), պոլիացետիլենային միացություններ (պոլիիններ և պոլիեններ), իսկ պտուղները` դառը ալկալոիդներ, լորձ, մոմ, կարոտին, C վիտամին:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են միայն եզրային, ձագարաձև, կապույտ ծաղիկները, որոնք հավաքում են ձեռքով` լրիվ բացվելուց հետո, այսինքն` հունիս-հուլիս ամիսներին: Հավաքված հումքը չորացնում են անմիջապես, ստվերում` լավ քամահարող տեղերում: Ճիշտ մշակման դեպքում հումքը պետք է պահպանի բնական գույնը` կազմի իր նախնականի 22-23%-ը: Տերեփուկը ժողովրդական բժշկության հանրահայտ դեղաբույսերից մեկն է: XII դարի բժշկական ձեռագրում նշված է, որ դեղաբույսի տրորված սերմերը բուժում են գորտնուկը, իսկ ծաղակաթերթիկների եփուկն օգտակար է սրտխփոցների, դեղնուկի և լյարդի հիվանդությունների ժամանակ:

 

 

Ամիրդովլաթը («ղանտարիոն» կամ «ղանտուրիոն» անվանումների տակ) դեղաբույսը խառնելով կաղնու պտուղների և այլ միջոցների հետ, նշանակել է միզակապության ժամանակ: Վերոհիշյալ եփուկին ավելացնելով նաև սպանդ, Ֆոլոսն այն նշանակել է ակամա միզարձակության դեպքում: Տերեփուկի եփուկը Ամիրդովլաթը նշանակել է նաև դաշտանի բացակայության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի ծաղիկներն օգտագործել են աչքի հիվանդությունների դեպքերում: Բույսի ծաղիկները Հնդկաստանում օգտագործում են որպես ցավազրկող միջոց` կոնյունկտիվիտների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր ուժերի թուլացման դեպքում: Չեխական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են դեղնեւկի և աչքի հիվանդությունների ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների թուրմն օգտագործում են որպես ստամոքսը տոնուսավորող և ախորժակը գրգռող միջոց: Ըստ Մ.Ա. Նոսալի, տերեփուկի ծաղիկները` խառնված այլ միջոցների հետ, օգտակար են կրկնվող Ֆուրունկուլյոզի դեպքում (ստորև տես` հեղինակի դեղատոմսը):

 

Ա.Պ. Պոպովը նշում է դեղաբույսի միզամուղ, լեղանուղ և քրտնամուղ հատկությունների մասին, որի շնորհիվ, ինչպես նշում է հեղինակը, այն լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ` ջրգողության, դեղնուկի, նեֆրիտների, ցիստիտների և ցրտառական մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկների եփուկից աչքերի վրա դրվող թրջոցն ունի հակաբորբոքիչ, խարող և ախտահանիչ ազդեցություն: Եփուկը` ներքին և արտաքին կիրառաման ձևով, տարածված է հավկուրությունը բուժելու պրակտիկայում: Աչքի լորձաթաղանթի բորբոքման և արցունքահոսության ժամանակ ծաղիկներից պատրաստված ջրաթուրմը` թրջոցների ձևով, լավ արդյունք է տալիս: Կան տվյալներ, որ դեղաբույսը դրականորեն է անրադառնում պարոքսիզմալ տախիկարդիայի նոպաների, ցրտառական և միզամուղների մի շարք հիվանդությունների վրա: Ա.Ֆ. Բաշմարինի կլինիկական հետազոտությունները պարզեցին, որ տերեփուկի պատրաստուկները բարձրացնում են դիուրեզը, ուժեղացնում լեղարտադրությունը, միաժամանակ ունեն հակամիկրոբային ակտիվություն: Ծաղիկների ջրաթուրմը կամ եփուկն օգտագործում են նեֆրիտների, նեֆրոզանեֆրիտների, ցիստիտների, ուրեթրիտների և լեղուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ:

 

 

 

Ծաղիկների եփուկը մենք օգտագործել ենք տարբեր բնույթի միզաքարային դիաթեզների ժամանակ: Պարզվել է, որ դեղաբույսն ունի միզամուղ, հակաբորբոքիչ և որոշակի աղալույծ հատկություններ, որոնք հիմնավորվել են մեզի լաբորատոր քննություններով: Բուժման շնորհիվ մեզի մեջ զգալի չափով պակասել կամ վերացել են բորբոքական տարրերը` հատկապես աղային նստվածքները: Մեր կարծիքով, վերջինս պայմանավորված է եղել մեզի թթվահիմնային փոխհարաբերության տեղաշարժերով, որոնք հիմնականում նորմալացել են:

 

Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 10 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1/4 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Կամ` 1 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1/3-1/2 բաժակ, օրական 2-3 անգամ` միզուղիների բորբոքումների և սպաստիկ երևույթների ժամանակ: Եփուկը պատրաստելու համար1 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/4 բաժակ` օրական 3 անգամ: Այս եփուկը կարելի է կիրառել նաև արտաքին` թրջոցների ձևով: Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը 1/10 հարաբերությամբ խառնում են 40° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, ապա քամում ու ընդունում 20-ական կաթիլ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ: Մ.Ա. Նոսալը կրկնվող ֆուրունկուլյոզի դեպքում վերցնում է15-ական գրամ տերեփուկի ծաղիկ և կատվալեզու, 10-ական գրամ եղինջ, վաղենակ, ընկույզի տերև, ձիաձետ և բերենիկե, 20 գ եռագույն մանուշակ: Այս խառնուրդից 4 ճաշի գդալ ավելացնում են 1 լ ջրին, թողնում թրմելու ամբողջ գիշեր, առավոտյան եփում 5-7 րոպե, ապա տալիս հիվանդներին` ըմպելու 1 օրում, 5 անգամ: Բուժման կուրսը տևում է 6 շաբաթ:

 

Որպես հակառևմատիկ միջոց, վերցնում են 5-ական գրամ տերեփուկի, վաղենակի և քաջվարդի ծաղիկներ, գիհու պտուղներ, դառնանուշ մոմի ընձյուղներ, բեկտենու կեղև, 10- ական գրամ թանթրվենու ծաղիկ, եղինջ և 20-ական գրամ ուռենու կեղև, ձիաձետ և կեչու տերևներ: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ ավելացնում են 1/2 լ եռման ջրին, 10 րոպեից հետո եռացնում ու քամում: Ստացված թուրմը ըմպում են օրվա մեջ 5-6 բաժակ:

 

 

Միզամուղ № 1 թեյի մեջ մտնում են 10–ական գրամ տերեֆուկի ծաղիկներ և մատուտակի արմատ, 30գ արջի խաղող: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ: Միզամուղ № 4 թեյի մեջ մտնում են 3-ական մաս տերեփուկի ծաղիկներ և հրեշտակախոտի արմատ, 4 մաս գիհու պտուղներ: Այս Խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: №5 նույնատիպ թեյի մեջ, որը պատրաստվում և ընդունվում է վերոհիշյալ եղանակով, մտնում են 1-ական մաս տերեփուկի ծաղիկներ, մաղադանոսի սերմ, կեչու բողբոջներ և Հեղինեի կղմուխի արմատ, 2 մաս արջի խաղող և 4 մաս ջրառվույտ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Տերեփուկը տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի: Ստացվող մեղրը դեղնականաչավուն է, նշաբույր, յուրահատուկ, քիչ դառնավուն համով: Բույսից ստացվում է վառ երկնագույն ներկ, որն օգտագործվում է պարֆյումերիայում և սննդի արդյունաբերության մեջ: Նրանով ներկում են նաև բրդեղենը: Անասուններն այն չեն ուտում, արածելիս երբեմն լինում են թունավորման դեպքեր:

 

Կղմուխ Հեղինեի - Девясил высокий - lnula helenium L.

16:22, 14.02.2012 | FITOTERAPIA | ID: 4285 | 1124 դիտում |

 

Կղմուխ Հեղինեի - Девясил высокий - lnula helenium L.

 

Հայկական տարանունները - ախրիճանակ, անտուզ, արտի ծաղիկ, կղմուխ հալենա, ճանակ, ձվախոտ, վայրի արևածաղիկ

Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 100-250 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է` բնորոշ հաստ կոճղարմատով, հոտավետ, բարկահամ, մսալի արմատով: Ունի հաստ, ուղղականգուն ցողուն, խոշոր, խորդուբորդ, թավշանման տերևներ: Եզրային ծաղիկները երկար են` նեղ լեզվակով, միջինները` խողովակաձև, ոսկեդեղին: Պտուղը լերկ, փուփուլավոր, քառանիստ սերմիկ Է: Մեր հանրապետությունում նկարագրված է 13 տեսակ, որոնց գերակշռող մասն ունի բուժական նշանակություն: Բույսն աճում է խոնավ մարգագետիններում, գետեզրերին, գետահովիտներում, նախալեռնային գոտուց մինչև մերձալպյան գոտին ներառյալ: Ծաղկում է հուլիս–սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Բազմամում են սերմերով, իսկ մշակության մեջ` նաև արմատամասերով: Պտղակալում է կանոնավոր, ձմեռում` լավ:

 

Ցեղի հունարեն «ինուլա»անունը նշանակում է դատարկել, մաքրել. այն կապված է բույսի` շնչուղիների վրա ցուցաբերված ներգործության հետ և հաճախ է հանդիպում Պլինիուսի, Ցելսիուսի և Դիոսկորիդի գործերում, իսկ «հելենիում» բառը ոմանք կապում են հունական հելիոս` արև հասկացության հետ (ծաղիկներն` արևի նմանվելու հետ կապված):

 

Քիմիական բաղադրությունը: Արմատը և կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային և դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչև 44%), պսևդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին և այլն, տերևներում` C վիտամին: Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են դեղաբույսի արմատն ու կոճղարմատը, որոնք հանում են ուշ աշնանը, մաքրում հողից, լվանում սառը ջրով, վերածում 3-5 սմ կտորների, չորացնում ստվերում` միջանցուկ քամու տակ: Պատրաստի հումքը պահում են թղթով փաթաթված, փակ տուփերի մեջ: 100 կգ թարմ արմատից ստանում են 35 կգ չոր հումք: Դեռևս Հին Հռոմում և Հունաստանում կղմուխը օգտագործվել է ոչ միայն դեղաբույս, այլ նաև որպես ուտելիք: Որպես հազը հանգստացնող միջոց, կղմուխի մասին նշել է Հիպոկրատը: Ավիցեննան դեղաբույսի հյութը մեղրով օգտագործել է որպես խուխամուղ հակաասթմատիկ միջոց: «Իմացիր, - գրում է մեծ բժիշկը, - կղմուխը և նրա թուրմը շատ օգտակար են այս հիվանդության ժամանակ»: Ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, հատկապես բղկոցների դեպքում «չոր կղմուխը հրաշալի միջոց է»: Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է սրտային մի շարք հիվանդությունների, նստաներվերի բորբոքման և հոդացավերի ժամանակ: Արմատի եփուկը` խաղողի հյութով, տրվել է սրտային և թոքային հիվանդներին, իսկ օշարակով` սակավամիզության ժամանակ: Մ. Հերացին «ռասան» կամ «ըռասան» անվան տակ, բույսի արմատը և կոճղարմատն օգտագործել է որպես օրգանիզմը տոնուսավորող, մարսողությունը լավացնող, թոքաբորբը և այլ բորբոքական պրոցեսները բուժող միջոց: Այլ դեղամիջոցների հետ խառնված, նա կղմուխն օգտագործել է լյարդի և փայծաղի ուռուցքների, այդ օրգանների խցանումների, ջրգողության և ստամոքսաելքի ուռուցքի ժամանակ: Այստեղ ևս, ինչպես նախորդ դեպքերում, կղմուխի մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: «Ըռասան», «տիպախ», «զանճապիլ շամի» և այլ անուններով նա դեղաբույսն օգտագործել է ոսկրացավի, կոտրվածքների, գոտկացավի, միզակապության և դժվարամիզության, անդամալուծության, նևրալգիաների, միգրենի, թոքերի և լյարդի խցանումների, ճիճվակրության, հազի, բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, մաշկի քորի, տարբեր տեսակի ջերմերի, դաշտանային խանգարումների, փորացավի, ընկնավորության, արգանդի բորբոքումների ժամանակ: Նշվում է, որ դեղաբույսն անմիջապես ուտելու, օծելու, եփուկի, գինու կամ քացախի հետ խառնված, լոգանքի և այլ ձևերով օգնում է կարճահարին, գազանահարին, դիվահարին և ընկնավորին: Ուշագրավ է այն, որ տերևները տանը պահելիս կամ այրելիս` հոտը վանում է միջատներին, ոչնչացնում լվերին:Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ դեղաբույսն օգնում է թութքին, քորին, զստացավին, միգրենին, քոսին: Արմատափոշին մեղրի հետ շաղախված, ներքին ընդունման ձևով, մաքրում է ստամոքսը, բուժում սրտային և լյարդի մի շարք հիվանդություններ, փափկացնում է հազը, դուրս բերում խուխը, իջեցնում ջերմությունը:

 

 

Առնոլդ Վիլլանովցու տվյալներով (XIV դար) բույսի հյութն օգնում է ճողվածքին, կանոնավորում դաշտանը, ցուցաբերում միզամուղ և վիժեցնող հատկություն: Տրորված արմատը դնելով վրայից` բուժում է կոնքի հատվածի ցավերը, իսկ տերևները` գինով, օգտակար են նեֆրիտների դեպքում: Արմատափոշին` մեղրով, ունի հազը հանգստացնող և հևոցը վերացնող հատկություն: Տիբեթական բժշկության մեջ բույսի տերևներն ու ծաղիկներն օգտագործում են սիբիրախոցի, հնդկական բժշկության մեջ` բրոնխիտների և ռևմատիզմի, հոմեպատիայում` հազի, ասթմայի և դիաբետի ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատը համարում են խուխամուղ միջոց և օգտագործվում է շնչահեղձման, բրոնխիտների, գրիպի և կապույտ հազի ժամանակ: Կղմուխը ճանաչվում է նաև որպես ճիճվամուղ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ և ախորժակը լավացնող միջոց: Արտաքին ձևով դեղաբույսն օգտագործվում է էկզեմայի, նեյրոդերմիտի, քոսի և վերքերը բուժելու նպատակով: Եփուկի մեջ իրար խառնված կռատուկի և կղմուխի արմատներն, օգտագործում են ռևատիզմի դեպքում:

 

Ուկրաինայում ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ, մարսողությունը և ընդհանուր նյութափոխանակությունը լավացնող, քրտնամուղ, միզամուղ, դաշտանամուղ միջոց: Նշվում է, որ բեղաբույսից լավանում է ախորժակը, վերանում աղեփքանքը, աղեխիթը և բղկոցները: «Կղմուխի գինի» անվան տակ դեղաբույսն օգտագոծվում է ընդհանուր թուլության և ետինֆեկցիոն ասթենիկ վիճակի ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է կապույտ հազի, գլխապտույտների, սրտխփոցների, գլխացավերի, ընկնավորության ժամանակ, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով: Գերմանիայում դեղաբույսն օգտագործվում է շնչուղիների և ստամոքսային հիվանդությունների, Ավստիրայում` թոքերի հիվանդությունների և ճիճվակրության ժամանակ, իսկ քսուքի ձևով` մաշկի քորի և էկզեմայի դեպքում: Ռուֆը (ցիտ. ըստ Ն.Պ. Իորիշի) ուժեղ հազով ուղեկցվող շնչուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ առաջարկում է բույսի արմատն ընդունել մեղրով: Որոշ երկրներում դեղաբույսն օգտագործվում է լնդերի ախտահարման, հին վերքերի բուժման, ստամոքսի թերսեկրետոր բնույթի բորբոքումների և ցավի ժամանակ:

 

 

 

Դեղաբույսի վերաբերյալ հետաքրքիր փորձառական աշխատանքներ է տարել Ն.Վ. Կլենինան: Նա ընտանի կենդանիների վրա հետազոտելով կղմուխի եփուկը, պարզել է, որ վեջինս ունի ոչ բորբոքական բնույթի լուծերը դադարեցնող հատկություն: Այսպես, բուժման 2-րդ օրվանից կենդանիների մոտ պակասել է լուծը, լավացել ախորժակը, ընդհանուր վիճակը, նվազել ինտոքսիկացիան: Եփուկը 2.10-3 գ/մլ խտությամբ նեղացնում է ճագարի մեկուսացված ինչպես էլ բորբոքված ականջի անոթները, իսկ 10-3 գ/մլ խտությամբ ճնշում է մեկուսացված աղիքի շարժունակությունը, թուլացնում նրա տոնուսը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն խտությամբ եփուկը վերացրել է պիլոկարպինից և բարիումի քլորիդից առաջացած աղիքի սպազմը: Գալարակծկանքի ճնշման հետ մեկտեղ նվազել է նաև ստամոքսի սեկրեցիան և մարսողական տրակտի որոշ ֆերմենտների ակտիվությունը և հակառակ այս բոլորի` ուժեղացել է լեղագոյացումը և լեղու արտահոսը: Ն.Վ. Կլենինան բացահայտել է նաև դեղաբուսի հակաբորբոքիչ և նաև հականեխիչ հատկությունները, որոնք, հավանաբար պայմանավորված են արմատի մեջ պարունակվող եթերայուղով, իսկ դեղաբույսի ճիճվամուղ հատկությունը նա կապում է նույն եթերայուղի մեջ մտնող ալանտոլակտոնով, որն օժտված է սանտոնինատիպ ներգործությամբ: Պետերբուրգի ֆարմացևտիկ գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով, խուխամուղ և հազը հանգստացնող հատկությամբ դեղաբույսը միանգամայն կարող է փոխարինել արտասահմանից ներմուծվող կաթնախոտին (սենեգային): Դեղաբույսի արմատը և կոճղարմատը օֆիցինալ են Նիդեռլանդիայում:

 

Մեզ մոտ կղմուխը օգտագործվում է որպես խուխամուղ և ախտահանող միջոց` վերին շնչուղիների սուր և քրոնիկական մի շարք հիվանդությունների ժամանակ: Այն մտնում է Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրայի բաղադրության մեջ: Մեր տվյալներով, բացի արմատից և կոճղարմատից, որոշակի լեղամուղ և քրտնամուղ հատկությամբ օժտված են նաև բույսի ծաղիկները, որոնց ջրաթուրմը` 1/10-ի հարաբերությամբ, 1-ական ճաշի գդալ, օրական 5-6 անգամ օգտագործել ենք լեղուղիների քրոնիկական բորբուքումներով հիվանդների բուժման ժամանակ. կրկնվող դուոդենաժները ցույց են տվել լեղու բոլոր բաժինների ավելացում, բորբոքական երևույթների զգալի պակասում, լեղու բաղադրատարրերի նորմալացման հակում: Շնչուղիների սուր բորբոքման ժամանակ նույն ջրաթուրմը, շնորհիվ թրտնամուղ արդյունքի, զգալի չափով թեթևացնում է հիվանդի վիճակը, նվազեցնում կատառային և ինտոքսիկացիայի երևույթները, նպաստում ջերմության իջեցմանը:

 

Կիրառական եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ մանրացրած հումքը 10 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում 3 անգամ` 10 օրվա ընթացքում, կամ` 2 թեյի գդալ հումքը 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում, քամում ու ավելացնում 1 թեյի գդալ մեղր, ըմպում ½ բաժակ օրական 4 անգամ` ուտելուց 1 ժամ առաջ, կամ` 20-30 գ հումքը 30 րոպե թրմում են 1 լ եռման ջրում, քամում և ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` դաշտանային խանգարումների, վատ մարսողության, բղկոցների, վատ ախորժակի, աղեփքանքի և աղեխիթերի ժամանակ: Այս հումքից եփուկ պատրաստելու համար 2 բաժակ ջրում 6-9 գ եփացնում են այնքան, մինչև 2/3 մասը մնալը, որից հետո այն ընդունում 1-2 ճաշի գդալ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ, կամ` 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Այս եփուկը պատրաստելուց կարելի է իրար հետ խառնել կռատուկի և կղմուխի արմատները, 10-ական գրամի չափով` ընդունելով վերոհիշյալ եղանակով:

 

Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը 1/5 հարաբերությամբ խառնում են 70° սպիրտի հետ և ընդունում 25-ական կաթիլ, օրական 3 անգամ` ուտելուց առաջ: Արմատափոշին կարելի է խառնել մեղրի հետ, դարձնել դեղատնային մեծության դեղահատեր և ընդունել 2-3 դեղահատ, օրական 3-4 անգամ` ուտելուց առաջ: Արմատափոշին կարելի է ընդունել դանակի ծայրով` օրական 3-4 անգամ:

 

 

Ըստ Ա.Պ. Պոպովի, քսուք պատրաստելու համար մանր կտրտված արմատից մի պտղունց 15 րոպե եռացնում են 4-5 ճաշի գդալ խոզի ճարպի մեջ, քամում տաք վիճակում, ավելացնում 2 ճաշի գդալ կեչու կուպր և մի քիչ ծծմբափոշի, լավ խառնում ու օգտագործում քոսի դեպքում: Մի քանի օր հիվանդը լողանում է բույսի արմատաեփուկով: Կամ` 50 գ մանրացրած արմատը 20 րոպե եփում են 100 մլ ջրում, քամում և խառնում 50 գ խոզի հալած ճարպի հետ, կամ` 1 մաս արմատափոշին խառնում են 2 մաս իրար հավասարաչափ խառնված խոզի հալած ճարպի, վազելինի և ձկան յուղի հետ: Ընդհանուր թուլության և ետինֆեկցիոն ասթենիկ վիճակի ժամանակ օգտագործվում է «կղմուխի գինի», որը պատրաստելու համար 12 գ թարմ արմատը 10 րոպե եփում են 500 մլ պորտվեյնի կամ կագորի մեջ, ապա ըմպում 50-ական մլ` օրական 2 անգամ: Այս եփուկը Ա.Պ. Պոպովը առաջարկում է հիպացիդ գաստրիտների և աղիքային բորբոքումների ժամանակ, ընդհանուր խառնուրդին նախապես ավելացնելով 1 ճաշի գդալ մեղր: Դեղաբույսը հաճախ օգտագործվում է նաև հավաքածուների ձևով: Այսպես, հավասարաչափ իրար են խառնում տուղտի, մատուտակի և կղմուխի արմատները, որից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում, ապա ընդունում ½ բաժակ, օրական 3 անգամ` հազի ժամանակ:

 

№ 5 միզամուղ թեյի մեջ իրար հետ խառնված են 1-ական մաս մաղադանոսի սերմեր, կեչու բողբոջներ, տերեփուկ և կղմուխ, 2 մաս արջախաղող, 4 մաս երեքնուկ: Այս խառնուրդից 1ճաշի գդալ 15 րոպե թրմում են 20 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1–ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:

 

Շչուղիների մի շարք հիվանդությունների, հատկապես բրոնխիալ ասթմայի ժամանակ, օգտագործում են հավասարաչափ իրար խառնված ուրցի, տատրակի տերևների, եռագույն մանուշակի, անիսոնի սերմերի և կղմուխի արմատի խառնուրդը, որից 4 թեյի գդալ 2 ժամում թրմում են 1 բաժակ սառը ջրում, եռացնում, հովացնում և քամում, ապա ըմպում 1 օրում ` 3 անգամ: Մաշկային ախտահարումների ժամանակ օգտագործվում է հավասարաչափ իրար խառնած հետևյալ խառնուրդը. կռատուկի և կղմուխի արմատներ, ընկույզի տերև և սրոհունդ, որից 1 ճաշի գդալ 10 րոպե եփում են 200 մլ ջրում և ըմպում օրվա մեջ 1-ական ճաշի գդալ` 2-3 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշներ: Կղմուխը դեկորատիվ բույս է, այն հաճախ աճեցնում են պուրակներում և այգիներում: Չափավոր մեղրատու է, չոր արմատից ստացվում է կապույտ ներկ: Շնորհիվ հաճելի հոտի, այն օգտագործվում է հրուշակեղենի, լիկյորի և օղու արտադրության մեջ:

օրացույց

ես կարդում եմ (1)

ինձ կարդում են (1)